среда, 17 февраля 2016 г.

Արևելյան գործընկերություն. ապագային ընդառաջ

Արևելյան գործընկերություն. ապագային ընդառաջ 

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի` պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները, Եվրոպական Միության ներկայացուցիչները և ԵՄ անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները հանդիպեցին Վիլնյուսում` 2013թ. նոյեմբերի 28-ից 29- ը: Գագաթնաժողովին ներկա էին նաև Եվրոպական խորհրդարանի նախագահը և Տարածաշրջանների կոմիտեի, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի, ինչպես նաև Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները: 2009թ. մայիսին կայացած Պրահայի գագաթնաժողովը մեկնարկ տվեց ռազմավարական և հավակնոտ Արևելյան գործընկերությանը` որպես Եվրոպական հարևանության քաղաքականության առանձնահատուկ ձևաչափի, որը միտված է աջակցելու Արևելյան գործընկերությանը մասնակցող բոլոր արևելաեվրոպական պետություններում կայուն բարեփոխումներ իրականացնելու գործընթացին` շահագրգռված գործընկերների համար ԵՄ հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը խթանելու նպատակով: Պրահայում և Վարշավայում համաձայնեցված օրակարգում ներառված են Արևելյան գործընկերության ուղղորդող սկզբունքները: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են դրանք ամբողջությամբ իրականացնելու իրենց հանձնառությունը: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցներն ամփոփեցին 2011թ. սեպտեմբերի Վարշավայի գագաթնաժողովից ի վեր Գործընկերության շրջանակներում գրանցված զգալի առաջընթացը, որը արևելաեվրոպական գործընկերներին ավելի մոտ բերեց ԵՄ-ին, և համաձայնեցին հետագա հավակնոտ օրակարգի շուրջ: Այս համատեքստում նրանք շեշտեցին համաձայնեցված հանձնառություններն իրականացնելու կարևորագույն անհրաժեշտությունը, մասնավորապես` քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում բարեփոխումների առումով: Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են Արևելյան գործընկերությանը տրվող կարևորությունը` ընդհանուր շահերի և հանձնառությունների, ինչպես նաև ընդհանուր սեփականության, փոխադարձ պատասխանատվության, տարբերակվածության և փոխադարձ հաշվետվողականության հիման վրա: Գործընկերությունը հիմնված է միջազգային իրավունքին և հիմնարար արժեքներին, այդ թվում` ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ինչպես նաև շուկայական տնտեսությանը, կայուն զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը հանձնառության վրա: 2 Արևելյան Գործընկերության մասնակից բոլոր երկրները հանձնառու են այս արժեքներին և միջազգային իրավունքի սկզբունքներին` համապատասխան միջազգային գործիքների միջոցով, և ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր նույնպես հանձնառու է վերջիններիս` համաձայն Եվրոպական Միության պայմանագրի: Ընդունելով և ողջունելով արձանագրված առաջընթացը` նրանք նաև վկայակոչում են, որ անելիքները դեռ շատ են` ժողովրդավարությանը, հիմնարար ազատությունների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը շարունակաբար սպառնացող մարտահրավերներին արձագանքելու համար: Այս կապակցությամբ գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են, որ համընդհանուր այս արժեքներին հետևելու հարցում առաջընթացը կարևորվելու է, մասնավորապես, դատաիրավական մարմինների անկախությունն ու արդյունավետությունն ամրապնդելու, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու և հանրային կառավարման բարեփոխումներ իրականացնելու միջոցով: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Արևելյան գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ Վարշավայի գագաթնաժողովից ի վեր ձեռնարկված քայլերը` ժողովրդավարության, բարեկեցության, կայունության և աճող փոխգործակցության ու փոխանակումների համընդհանուր գոտի կառուցելու նպատակով: Շեշտելով ԵՄ և արևելաեվրոպական երկրների միջև ամուր կապերի զարգացման կարևորությունը` գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են, որ ավելի սերտ համագործակցության հասնելը կարևոր է եվրոպական մայրցամաքում կայունություն և բարեկեցություն ապահովելու համար: Հակամարտությունների կարգավորումը, փոխվստահության և բարիդրացիական հարաբերությունների կառուցումը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման և համագործակցության համար: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ջերմորեն ողջունում են ԵՄ և որոշ գործընկեր երկրների միջև նոր հավակնոտ Ասոցացման համաձայնագրեր, ներառյալ` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիներ (ԽՀԱԱԳ) հաստատելու ուղղությամբ արձանագրված նշանակալի առաջընթացը: Այսօր, հաջորդելով վերջերս ավարտված բանակցություններին, նախաստորագրվել են ԵՄ-Մոլդովա և ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրերը` ներառյալ ԽՀԱԱԳ դրույթները: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ի գիտություն են ընդունում Ուկրաինայի կառավարության որոշումը ժամանակավորապես առկախել Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ առևտրի գոտու ստորագրման նախապատրաստական գործընթացը: Նրանք նաև արձանագրում են ԵՄ հետ Ուկրաինայի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման շուրջ հասարակության աննախադեպ աջակցությունը և համախմբվածությունը: ԵՄ-ն և Ուկրաինան վերահաստատում են իրենց հանձնառությունը ստորագրել այդ Համաձայնագիրը` ԵՄ-Ուկրաինա 2013թ. գագաթնաժողովին ընդգծված բոլոր երեք ոլորտներում վճռական գործողությունների և շոշափելի առաջընթացի հիման վրա: Այս ուղղությամբ արդեն իսկ արձանագրվել է կարևոր առաջընթաց: Այս Ասոցացման համաձայնագրերը, ներառյալ` ԽՀԱԱԳ դրույթները, միտված են սատարելու հեռահար քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումները և դյուրացնելու ԵՄ հետ, ԵՄ կանոններին և չափանիշներին համապարփակ մոտարկումը: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ և Ադրբեջանի Հանրապետության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում 3 արձանագրված առաջընթացը և, հիմնվելով երկկողմ իրավապայմանագրային հարաբերությունների վրա, կոչ են անում շարունակել առաջընթացը: ԵՄ պատրաստակամ է մեկնարկել ԽՀԱԱԳ շուրջ բանակցությունները, որպես Ասոցացման համաձայնագրի մաս, հետևելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցությանը: ԵՄ-ն և Հայաստանն այսօր վերահաստատեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու իրենց հանձնառությունը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, շեշտելով իրենց հարաբերությունների հիմքը վերանայելու և արդիականացնելու կարևորությունը: Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են յուրաքանչյուր գործընկերոջ ինքնիշխան իրավունքը ազատ ընտրելու Եվրոպական Միության հետ իր հարաբերություններում հավակնության մակարդակն ու նպատակները: Շարժունակության խթանումն անվտանգ և լավ կառավարվող միջավայրում մնում է Արևելյան գործընկերության կարևոր նպատակը: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ջերմորեն ողջունում են որոշ գործընկերների կողմից արձանագրված առաջընթացը վիզաների ազատականացման ուղղությամբ` Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրերի միջոցով: Այս համատեքստում նրանք ողջունում են նաև Վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կնքումը և իրականացումը: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են, որ իրենք ճանաչում են որոշ գործընկերների եվրոպական ձգտումները և եվրոպական ընտրությունը և նրանց հանձնառությունը կառուցելու խորը և կայուն ժողովրդավարություն: Այս համատեքստում նրանք արձանագրում են այդ գործընկերների` հիշյալ նպատակներին հասնելու հանձնառությունը: Մասնակիցները վերահաստատում են Գործընկերության առանձնահատուկ դերը` աջակցելու նրանց, ովքեր ԵՄ հետ ավելի սերտ հարաբերությունների են ձգտում: Ասոցացման համաձայնագրերը, ներառյալ` ԽՀԱԱԳ դրույթները, կարևոր քայլ են այս ուղղությամբ: Ընդհանուր արժեքների նկատմամբ հարգանքը և Ասոցացման համաձայնագրերի իրականացումը կնպաստեն մեր հարաբերությունների ապագա աստիճանական զարգացմանը: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները նախանշեցին հետևյալ նպատակները՝ մինչև 2015 թվականը Գործընկերության կողմից հասնելու համար.  Խորացնել ԵՄ և գործընկերների միջև հետագա հարաբերություններն ու համագործակցությունը;  Հետագա քայլեր ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը երաշխավորելու, ներառյալ` դատաիրավական համակարգի բարեփոխմանը հետամուտ լինելու և օրենքի կիրառումն ամրապնդելու միջոցով;  Ապահովել, համապատասխան դեպքերում, Ասոցացման համաձայնագրերի/ԽՀԱԱԳ դրույթների ստորագրումը և դրանց նախնական կիրառումը մինչև 2014թ. աշունը, այդպիսով սկսելով իրականացման փուլը և ապահովելով Ասոցացման համաձայնագրերի վավերացման գործընթացի առաջխաղացումը; 4  Ձևավորել, համապատասխան դեպքերում, Ասոցացման օրակարգեր` հնարավորինս սեղմ ժամկետներում 2014թ.-ին՝ որպես միջոց Ասոցացման համաձայնագրերը/ ԽՀԱԱԳ դրույթները նախապատրաստելու և իրականացնելու համար, ինչպես նաև՝ որպես դիտարկման հիմնական գործիք;  Շարունակել ԵՄ օժանդակության տրամադրումը՝ գործընկերների բարեփոխումների օրակարգերին աջակցելու նպատակով, հաշվի առնելով Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների ժամանակավոր կիրառումն ու իրականացումը;  Արևելաեվրոպական համապատասխան գործընկերների կողմից անդամակցում Համաեվրոպա-միջերկրածովյան ծագման արտոնյալ կանոնների տարածաշրջանային կոնվենցիային և առաջխաղացում Ընդհանուր տարանցիկ կոնվենցիային անդամակցման գործընթացում` որպես տնտեսական ինտեգրման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլեր;  Աստիճանական քայլերի միջոցով առաջխաղացում դեպի վիզաների ազատականացված ռեժիմ` համապատասխան ընթացակարգերով, առանձնացված մոտեցման հիմքով՝ պայմանով, որ բավարարված լինեն լավ կառավարվող և անվտանգ շարժունակության համար պահանջները;  Արևելյան գործընկերության գործարարության ձևաչափի ամրապնդում, ներառյալ` գործընկեր երկրներում գործարար միջավայրի զգալի բարելավման միջոցով` ի նպաստ տեղական, տարածաշրջանային և եվրոպական ՓՄՁ-երի (փոքր և միջին ձեռնարկություններ) և ընկերությունների;  Աստիճանաբար զարգացնել Գիտելիքի և նորարարության ընդհանուր տարածք՝ ի մի բերելով հետազոտությունների և նորարարության բնագավառում համագործակցության առկա ուղղությունները;  Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափի հետագա ամրապնդում;  Տրանսպորտի բոլոր բնագավառներում ձգտել հասնել կարգավորիչ դաշտի հետագա մոտարկմանը և իրականացնել տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծեր Արևելյան գործընկերության տրանսպորտային ցանցի երկայնքով` առկա ԵՄ ծրագրերի և գործիքների միջոցով, ձգտելով սերտորեն ներգրավել եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցներին և սահմանել առաջնային նախագծեր, որոնք ուղղված կլինեն TEN-T (Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանց) հիմնական ցանցի հետ հաղորդակցության բարելավմանը;  Խրախուսել և ամրապնդել բազմակողմ ռազմավարական նախագծերը` շահագրգիռ երկրների, ինչպես նաև Էներգետիկ համայնքի համար ընդհանուր հետաքրքրություն ունեցող ծրագրերի իրականացման համար` բարենպաստ, թափանցիկ, կարգավորիչ և ֆինանսական միջավայր ստեղծելու միջոցով;  Պետական կառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հետագա ամրապնդում` ԵՄ կողմից աջակցությամբ;  Խրախուսել և ամրապնդել տեսանելի ու արդյունավետ բազմակողմ Առաջատար նախաձեռնությունները, ներառյալ, համապատասխան դեպքերում, համատեղելով 5 ոլորտային քաղաքականության շուրջ երկխոսությունը և ենթակառուցվածքներին աջակցությունը;  Մարդկանց միջև շփումների հետագա ամրապնդում, ներառյալ` «Էրազմուս+», «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերը և «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում գործող «Մարի Սկլոդովսկայա-Կյուրի» նախագիծը Արևելյան գործընկերության երկրների մասնակիցներին հասանելի դարձնելու միջոցով;  Արևելյան գործընկերության համար Տեսանելիության ռազմավարության իրականացում: Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են, որ Ասոցացման համաձայնագրերի և, համապատասխան դեպքերում, ԽՀԱԱԳ դրույթների ապագա արդյունավետ իրականացումը` բարեփոխումներով զուգորդված, կհանգեցնի ԵՄ օրենսդրության և չափանիշների հետ համապարփակ մոտարկմանը` գործընկերներին առաջնորդելով դեպի ԵՄ ներքին շուկային աստիճանական տնտեսական ինտեգրմանը և, այդպիսով, տնտեսական գոտու ստեղծմանը: Նրանք պարտավորվում են հաջորդ գագաթնաժողովին վերանայել հնարավոր հետագա քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել տնտեսական ինտեգրման առաջխաղացման համար` նպատակ ունենալով ստեղծել տնտեսական գոտի, սույն Հռչակագրի համապատասխան մասերի և Ասոցացման համաձայնագրերի/ԽՀԱԱԳ դրույթների իրականացման լույսի ներքո: Այս նպատակով կոչ է արվում Եվրոպական հանձնաժողովին, որպեսզի այն իրականացնի իրագործելիության ուսումնասիրություն` համապատասխան ժամկետներում: Գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են, որ գործընկերների և ԵՄ միջև տնտեսական ինտեգրման նման հավակնոտ երկարաժամկետ տեսլականը ցանկալի է և նպաստում է նաև ավելի երկարաժամկետ նպատակի իրականացմանը, այն է` հիմնել Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների և ինքնիշխան ընտրության վրա խարսխված` տնտեսական բարեկեցության ընդհանուր գոտի` համայն Եվրոպայում և դրանից դուրս: ԵՄ և իր արևելաեվրոպական գործընկերների միջև աճող հարաբերությունները, մասնավորապես` տնտեսական ինտեգրման բնագավառում, կարող են ունենալ նշանակալի ներդրում Եվրոպայի միջազգային մրցունակությունն ամրապնդելու և կայուն, ընդգրկուն, խելամիտ աճ և աշխատատեղեր ստեղծելու համար` դրանով իսկ խթանելով կայունությանը: Ավելի մեծ տարբերակվածությունը և փոխադարձ պատասխանատվությունը հնարավորություն կընձեռեն առանձին գործընկերներին ավելի լավ գնահատել իրենց ձգտումները և կարիքները: Բարեփոխումների ընթացքով կպայմանավորվի համագործակցության ինտենսիվությունը, և բարեփոխումների մեջ առավել ներգրավված գործընկերներն առավել շատ կշահեն ԵՄ հետ իրենց հարաբերություններից` խրախուսման վրա հիմնված մոտեցման («ավելին ավելիի համար») հիման վրա` ինչպես նախատեսված է վերանայված Եվրոպական Հարևանության քաղաքականությամբ: Խորացված և կայուն բարեփոխումների ջանքերը ծառայում են ընդհանուր շահին, այն է` օգնել արևելաեվրոպական երկրների առաջընթացին դեպի խորը և կայուն ժողովրդավարություններ, որտեղ գերիշխում են արդյունավետ կառավարումը, օրենքի գերակայությունը և շուկայական սկզբունքների վրա զարգացող տնտեսությունները` հավասար և կայուն զարգացումն ամրապնդելու համար: Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են, որ այս հավակնոտ օրակարգը պահանջում է հասարակության ավելի լայն 6 շերտերի ներգրավումը և, հետևաբար, նրանք ողջունում են խորհրդարանների, քաղաքացիական հասարակության, տեղական և տարածաշրջանային իշխանությունների, գործարար շրջանակների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի ներգրավումը Արևելյան գործընկերության օրակարգում: Գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցին Գործընկերության 2014-2015թթ. ժամանակահատվածի համար վերոնշյալ ընդհանուր քաղաքական ուղենիշների շուրջ: Սույն հռչակագիրը` նոր Ասոցացման օրակարգերի և երկկողմ հարաբերություններն ուղենշող ներկայիս և ապագա այլ փաստաթղթերի ու բազմակողմ պլատֆորմների աշխատանքային ծրագրերի հետ մեկտեղ կծառայեն որպես հստակ գործողությունների ծրագիր Արևելյան գործընկերության համար 2014-2015թթ.-ին: *************** 2011-2013թթ. ընթացքում արձանագրված ձեռքբերումները և 2014-2015թթ. օրակարգը Վարշավայից Վիլնյուս ժամանակահատվածում արձանագրված առաջընթացը 1. Վիլնյուսի գագաթնաժողովը որոշիչ պահ է Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ հարաբերությունների առումով: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Վարշավայի գագաթնաժողովից ի վեր Արևելյան գործընկերության շրջանակներում արձանագրված առաջընթացը` քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման խթանման, անվտանգ և արդյունավետ կառավարվող միջավայրում շարժունակության դյուրացման, բազմակողմ հարթության ամրապնդման և ոլորտային համագործակցությունը խրախուսելու առումներով: Նրանք կարևորում են Արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզի դերը` Արևելյան գործընկերության նպատակների իրականացման դիտարկման և ուղղորդման տեսանկյունից: 2. Գագաթնաժողովի մասնակիցներն ակնկալում են 2014թ.-ին հնարավորինս սեղմ ժամկետներում Վրաստանի և Մոլդովայի հետ Ասոցացման օրակարգերի կնքումը` որպես Ասոցացման համաձայնագրերի իրականացումը նախապատրաստող և դյուրացնող գործիքներ, որոնք կօգնեն ստեղծել ԵՄ հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը դիտարկելու և զարգացնելու համապարփակ ու գործնական շրջանակ: Նրանք ողջունում են Ուկրաինայի հետ Ասոցացման օրակարգի իրականացմանն ուղղված համատեղ աշխատանքները: 3. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները գնահատում են գործընկերների էական ջանքերը արդիականացմանն ուղղված երկարաժամկետ համապարփակ բարեփոխումներ նախաձեռնելու և իրականացնելու գործում, ինչպես նաև հետագայում դրանք շարունակելու հանձնառությունը: Նրանք գոհունակություն են արտահայտում ընդլայնված երկխոսության և համագործակցության միջոցով գործընկերների բարեփոխումներին ուղղված ԵՄ ավելացված աջակցության կապակցությամբ` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակով: 4. Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են 2010-2013թթ. համար 2,5 մլրդ. եվրո ԵՄ ֆինանսական նշանակալի հանձնառությունը` ուղղված ժողովրդավարական զարգացման ու պետական կառավարման մարմինների ամրապնդմանը, խելամիտ, կայուն և ընդգրկուն 7 աճին, ինչպես նաև տնտեսական զարգացմանը: Աջակցություն հայտնելով խրախուսման վրա հիմնված մոտեցման իրականացմանը, նրանք արձանագրում են 2012-2013թթ. համար լրացուցիչ նշանակալի միջոցների հատկացումը խորը և կայուն ժողովրդավարության կառուցման գործում ամենաշատ առաջընթաց ցուցաբերած երկրների համար: Նրանք ճանաչում են պետական մարմինների համապարփակ զարգացման նախաձեռնության շրջանակներում նախանշված բարեփոխումների հիմնական ոլորտներում գործադրված լուրջ ջանքերը և այդ նպատակով ԵՄ կողմից տրամադրվող կարևոր աջակցությունը: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները գոհունակություն են արտահայտում, որ Եվրոպական ներդրումային բանկը ավելացրել է գործընկեր երկրներում վարկավորումը 170 մլն. եվրոյից` 2008թ-ին, մինչև 934 մլն. եվրո` անցյալ տարի, և որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համալրում է մասնավոր հատվածի զարգացմանն ու ենթակառուցվածքային վերականգմանն ուղղված իր շարունակական աջակցությունը քաղաքական երկխոսության և խորհրդատվության միջոցով: Նրանք ողջունում են ԵՄ անդամ պետությունների ավելացված ջանքերն Արևելյան գործընկերության նպատակներին աջակցելու ուղղությամբ, ներառյալ զարգացմանն ուղղված երկկողմ համագործակցության միջոցով: 5. Քաղաքացիների շարժունակությունը լավ կառավարվող և անվտանգ միջավայրում Արևելյան գործընկերության կարևոր տարրերից է: Վիզային ռեժիմի ազատականացումը շարունակում է ընդհանուր նպատակ լինել ինչպես առանձին գործընկեր երկրների, այնպես էլ ԵՄ համար` hօգուտ լայն հասարակության շահերի: Վիզաների ազատականացված ռեժիմի համար պատրաստվածությունը գնահատվելու է առանձնացված մոտեցման հիմքով` պայմանով, որ ապահովված կլինեն լավ կառավարվող և անվտանգ շարժունակության համար անհրաժեշտ պահանջները: Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման առաջին քայլը արդեն ձեռնարկվել է որոշ գործընկեր երկրներում: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Հայաստանի Հանրապետության հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի կնքումը և ակնկալում են դրանց արդյունավետ իրականացումը: Նրանք ակնկալում են ընդլայնված շարժունակության ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը ԵՄ և Հայաստանի միջև: Նրանք ողջունում են վիզաների դյուրացման մասին համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի Հանրապետության հետ այսօր և ակնկալում են, որ առաջիկայում ստորագրվելու է ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Նրանք ակնկալում են ընդլայնված շարժունակության ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը ԵՄ և Ադրբեջանի միջև: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները նաև ակնկալում են, որ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցություններ կմեկնարկեն Բելառուսի հետ: Նրանք նաև խրախուսում են ԵՄ Մուտքի վիզաների կանոնակարգի ընձեռած ճկուն հնարավորությունների օգտագործումը: Այս համատեքստում Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Մոլդովայի Հանրապետության ձեռքբերումները Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումները իրականացնելու գործում և դրա վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի վերջին զեկույցի ներկայացումը: Նրանք ի գիտություն են ընդունում Եվրոպական հանձնաժողովի օրենսդրական առաջարկը` լրամշակելու EC 539/2001 կանոնակարգը: Նրանք նաև ողջունում են Ուկրաինայի կողմից արձանագրված զգալի առաջընթացը Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլն ավարտելու ուղղությամբ և Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլի իրականացման ընթացքում Վրաստանի կողմից արձանագրած լավ 8 առաջընթացը: Նրանք ակնկալում են այս երկրների հետ վիզաների ազատականացման երկխոսության ուղղությամբ հետագա առաջընթաց: Այդ ծրագրերը պետք է որպես նմուշ ծառայեն ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել ցանկացող այլ գործընկեր երկրների համար` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններն ու առաջընթացը: 6. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Միգրացիայի և շարժունակության գլոբալ մոտեցմանը համապատասխան Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության հետ Շարժունակության շուրջ գործընկերության արդյունավետ իրականացումը: Նրանք արձանագրում են, որ ԵՄ և Մոլդովայի Հանրապետության միջև Շարժունակության շուրջ գործընկերության գնահատումը և Միգրացիայի ընդլայնված պատկերի զարգացումն ապացուցել են միգրացիայի ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականության կարևորությունը, ինչը կարող է նաև ուղղորդել ԵՄ և այլ գործընկեր երկրների միջև համագործակցությունը Շարժունակության շուրջ գործընկերությունների շրջանակներում: Նրանք նաև ողջունում են Ադրբեջանի Հանրապետության հետ Շարժունակության շուրջ գործընկերության կնքման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և ակնկալում են առաջիկայում դրա ստորագրումը և նախատեսում են նման շրջանակներ հաստատել արևելաեվրոպական մյուս գործընկերների հետ: Ճանաչելով Շարժունակության շուրջ գործընկերության կարևորությունը` որպես միգրացիայի և շարժունակության ոլորտում համագործակցությունն ամրապնդող հիմնական երկկողմանի շրջանակ, գագաթնաժողովի մասնակիցները կոչ են անում մասնակից ԵՄ անդամ պետություններին ու արևելաեվրոպական գործընկերներին ավելի մեծ ներգրավվածություն ցուցաբերել դրանց արդյունավետ իրականացման գործում: 7. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ընդլայնված համագործակցությունն ու արձանագրված առաջընթացն ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում, ինչպես նաև 2013թ. հոկտեմբերի 7-ից 8-ը Լյուքսեմբուրգում կայացած Արևելյան գործընկերության` արդարադատության և ներքին գործերի առաջին նախարարական հանդիպման արդյունքները: Այս բնագավառում բարեփոխումների արդյունավետ իրականացումը նպաստելու է ԵՄ և իր գործընկերների միջև համագործակցության հետագա զարգացմանը: Արդարադատության ոլորտում մի քանի երկրներում մեկնարկել և իրականացվել են համագործակցության խոշոր ծրագրեր` նպաստելով ժողովրդավարական կառավարման բարելավմանը: 8. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Արևելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում ծավալվող գործունեության աճը, որը համալրում է նաև երկկողմ երկխոսությունն ու համագործակցությունը: Նրանք ընդգծում են Արևելյան գործընկերության դերակատարների ներգրավվածության կարևորությունը Գործընկերության բազմակողմ ձևաչափի բոլոր համապատասխան գործընթացներում: Գործընկերության բազմակողմ ձևաչափը կարևոր հարթակ է ծառայել բարեփոխումների և արդիականացման ուղղությամբ գործընկեր երկրների կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման համար: Այն լրացուցիչ հնարավորություն է հանդիսացել գործընկերների բարեփոխումների ջանքերին աջակցելու և, համապատասխան դեպքերում, մոտարկումը դյուրացնելու առումով: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են աճող բազմակողմ համագործակցությունը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրն ու տնտեսական համագործակցությունը, վիճակագրությունը, մաքսային, հարկային ոլորտները, 9 սահմանների կառավարումը, էներգետիկան, տրանսպորտը, բնապահպանությունն ու կլիմայի փոփոխությունը, կրթությունը, երիտասարդության և ուսուցման հետ կապված հարցերը, մշակույթը, գործարար միջավայրը, այդ թվում ՓՄՁ վերաբերյալ քաղաքականությունը, աղետային ռիսկերի նվազեցումը, գիտահետազոտական և նորարար գործունեությունը, տեղեկատվական հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցները, գյուղատնտեսությունն ու գյուղական վայրերի զարգացումը, միգրացիայի և ապաստանի ոլորտները, պետական կառավարման ոլորտում բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը: Այս առումով Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են համագործակցության նախաձեռնությունների իրականացման առումով արձանագրված առաջընթացը, ներառյալ Առաջատար նախաձեռնությունները, ինչը շոշափելի օգուտներ է բերում գործընկեր երկրների քաղաքացիներին: 9. Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Արևելյան գործընկերության ոչ- պաշտոնական երկխոսությունների մեկնարկը և հաջողությամբ կայացած բոլոր երեք փուլերը (2012թ. հուլիսին՝ Քիշնևում, 2013թ. փետրվարին՝ Թբիլիսիում, և 2013թ. սեպտեմբերին՝ Երևանում): Այս ձևաչափը խթանել է արտաքին գործերի նախարարների միջև կանոնավոր, ոչ-պաշտոնական փոխանակումները՝ ինչպես Արևելյան գործընկերության օրակարգի, այնպես էլ արտաքին քաղաքականությանն առնչվող, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և զարգացրել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը մի շարք կարևոր ոլորտներում ՝ գործընկեր երկրների համապատասխան նախարարների ներգրավվածությամբ: Նրանք ցանկանում են, համապատասխան դեպքերում, խորացնել քաղաքական ասոցացումը, ավելացնել քաղաքական և անվտանգության քաղաքականության ներդաշնակեցումը և արտաքին քաղաքականության ոլորտում արդյունավետությունը: 10.Գագաթնաժողովի մասնակիցները ընդգծում են արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության կարևորությունը՝ որպես ԵՄ և շահագրգռված գործընկերների միջև քաղաքական ասոցացման ամրապնդման կարևոր բաղադրիչ: Նրանք ողջունում են ԸԱՊՔ (ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության) հարցերով փորձագիտական խմբի ստեղծումը՝ ԸԱՊՔ հարցերով զարգացումների վերաբերյալ երկխոսությունը դյուրացնելու նպատակով, ներառյալ ԸԱՊՔ ճգնաժամային կառավարման գործողությունների ու վարժանքների շուրջ: Ավելին, Գործընկերության երկկողմ հարթության ներքո, ԸԱՊՔ մասնակցության շրջանակային համաձայնագրերի կնքումն ու իրականացումը գործընկեր երկրների համար իրավական հիմք և գործնական միջոցներ է ապահովում ԵՄ կողմից գլխավորած ճգնաժամային կառավարման գործողություններում ներգրավվելու համար: Նրանք ողջունում են Ուկրաինայի ներդրումը ԵՄ մի շարք գործողություններում: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Մոլդովայի Հանրապետության հետ Մասնակցության շրջանակային համաձայնագրի ստորագրումն ու ուժի մեջ մտնելը, ինչպես նաև ԵՄ գործողություններին մասնակցելու հետաքրքրությունը, ողջունում են Մասնակցության շրջանակային համաձայնագրի ստորագրումը Վրաստանի հետ այսօր և արձանագրում են, որ քննարկվում է այլ գործընկերների հետ բանակցություններ մեկնարկելը: Այս համատեքստում գագաթնաժողովի մասնակիցները նաև կարևորում են Ծառայողական տեղեկատվության փոխանակման մասին շրջանակային համաձայնագրերի կնքումը ԸԱՊՔ առաքելություններին մասնակցող շահագրգռված գործընկերների հետ: 10 11. Տրանսպորտի հարցերով համագործակցության վերաբերյալ, Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ և արևելաեվրոպական տարածաշրջանի միջև ենթակառուցվածքային կապերի բարելավման ուղղությամբ արձանագրված առաջընթացը: Նրանք վկայակոչում են 2013թ. հոկտեմբերի 9-ին Լյուքսեմբուրգում կայացած Արևելյան գործընկերության` տրանսպորտի հարցերով նախարարական հանդիպման ժամանակ Արևելյան գործընկերության տարածաշրջանային տրանսպորտային ցանցի ուղենշող քարտեզի ընդունումը, որն ուրվագծում է Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի հետ կապերը և դրան առնչվող առաջնահերթ նախագծերի ցանկը` որպես տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի բարելավման ուղղությամբ ձեռնարկվող առաջին հստակ քայլեր: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Ուկրաինայի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի նախաստորագրումը և նման համաձայնագրերի հաջողությամբ կնքումն ու իրականացումը Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հետ, ինչի շնորհիվ ճամփորդողներին ընձեռնվում են ընտրության ավելի լավ հնարավորություններ: Նրանք ողջունում են Ադրբեջանի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը: Նրանք նաև արձանագրում են Հայաստանի պատրաստակամությունը բանակցություններ սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ: Բոլոր այդ համաձայնագրերը կարևոր ներդրում են ապահովում Արևելյան գործընկերության հիմնական նպատակի իրականացման` ԵՄ իր գործընկեր երկրներին ավելի մոտ դարձնելու առումով: 12. Շահագրգիռ մասնակիցները ողջունում են փոխադարձ էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված համատեղ աշխատանքը, այդ թվում` ցանցի զարգացումների և ԵՄ ներքին էներգետիկ շուկային աստիճանաբար ինտեգրվելու և միջսահմանային առևտուրը խթանելու միջոցով: Նրանք խրախուսելու են էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և մատակարարման ընդգրկուն և բաց քաղաքականություն: Նրանք ի գիտություն են ընդունում Հարավային միջանցքի բացման ուղղությամբ կարևոր զարգացումները, ներառյալ Հարավկովկասյան խողովակաշարի, Տրանս-ադրիատիկ խողովակաշարի ծրագրավորված արդիականացումը, ինչպես նաև Կասպից տարածաշրջանը ԵՄ հետ անմիջապես կապող գազային փոխադրման այլ ենթակառուցվածքների զարգացումը: Նրանք արձանագրում են Ադրբեջանի ռազմավարական դերը Եվրոպայի համար էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացման առումով: Նրանք ակնկալում են ԵՄ շարունակական աջակցությունն Ուկրաինայի գազային փոխադրման համակարգի արդիականացման համար` որպես եվրոպական ցանցի կարևոր մաս, ինչպես նաև Ուկրաինայի շարունակական ջանքերը` գազամատակարարման հատվածում հետագա անհրաժեշտ բարեփոխումներ ձեռնարկելու ուղղությամբ, և միջազգային ֆինանսական կառույցների հետ երկխոսության ավարտը` արտակարգ իրավիճակներում գազի տարանցման նախագծի առաջին վարկը տրամադրելու համար: Նրանք արձանագրում են ԽՀԱԱԳ շրջանակներում էներգետիկային առնչվող կարևոր դրույթները, Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության աշխատանքը Էներգետիկ համայնքի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իրականացնելու ուղղությամբ, Ուկրաինայի հետ ընթացող աշխատանքը երկկողմանի գազային հոսքեր ապահովելու ուղղությամբ, Խորվաթիան, Հունգարիան և Ուկրաինան կապող Ադրիատիկ գազային միջանցքի զարգացումը, Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա կապող գազատարի (AGRI LNG նախագծի) նախապատրաստման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Մոլդովայի Հանրապետության և ԵՄ միջև գազի և էլեկտրականության փոխմիացությունների առաջնահերթ նախագծերի որոշման հարցում առաջընթացը: Նրանք նաև ի գիտություն են ընդունում Էներգետիկ համայնքին անդամակցելու Վրաստանի 11 հայտը: Նրանք արձանագրում են Էներգետիկ համայնքում Հայաստանի ակտիվ դիտորդությունը: Քննարկումներն ապացուցել են, որ կան իրական հնարավորություններ, որպեսզի Ուկրաինան գազամատակարարման ասպարեզում հանդես գա որպես արևելաեվրոպական կարևոր հանգույց` գազի փոխադրման և պահպանման կարողությունների օգտագործման արդյունավետ երկարաժամկետ ռազմավարությունը մշակելուց հետո` Էներգետիկ համայնքի շրջանակներում Ուկրաինայի պարտավորություններին համահունչ և բոլոր համապատասխան կողմերի ներգրավվածությամբ: Գագաթնաժողովի մասնակիցներն արձանագրում են Եվրոպայի էներգետիկ անվտանգության առումով Բելառուսի կարևոր ներդրումը` ապահովելով էներգակիրների էական տարանցում, և նրանք աջակցություն են արտահայտում հետագա երկխոսությանը` Եվրոպական հանձնաժողովի և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2009թ. Համագործակցության հռչակագրի հիման վրա: Երկխոսությունը կենտրոնացել է էներգետիկ անվտանգության, կարգավորիչ հարցերի, ցանցերի, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի շուրջ: Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Ուկրաինայի լիարժեք մասնակցությունը, ներառյալ անկախ փորձաքննության գործընթացը, ինչպես նաև Հայաստանի ու Բելառուսի ակտիվ մասնակցությունը ԵՄ միջուկային սթրես թեստերին: Նրանք ողջունում են միջուկային անվտանգության ոլորտում աճող համագործակցությունը և խրախուսում թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը և միջուկային անվտանգությանն ու բնապահպանությանն առնչվող միջազգային համաձայնագրերի դրույթներին լիակատար համապատասխանությունը: 13. Գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են կրթության, երիտասարդության և մշակույթի ոլորտների կարևորությունը: Նրանք ողջունում են ԵՄ և արևելաեվրոպական գործընկերների միջև կրթական փոխանակումների ու համագործակցության աճը՝ «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերի միջոցով, որոնց շնորհիվ, 2011թ-ից սկսած, հնարավոր է դարձել ֆինանսավորել ավելի շատ թվով փոխանակումներ և կրթաթոշակներ ավելի շատ մասնակիցների համար: Ի լրումն, Արևելյան գործընկերության «Երիտասարդության պատուհան» ծրագրի շնորհիվ էապես ավելացել է համատեղ նախագծերում ներգրավված երիտասարդների և երիտասարդ աշխատակիցների թիվը: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են այն նպատակները, որոնք տեղ են գտել մշակույթի հարցերով 2013թ. հունիսի 27-ից 28-ը Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը ընդունված Հռչակագրում, ինչպես նաև կրթության հարցերով 2013թ. սեպտեմբեի 13-ին Երևանում կայացած Արևելյան գործընկերության ոչ-պաշտոնական երկխոսության արդյունքները: Նրանք նաև ողջունում են Արևելյան գործընկերության Երիտասարդության ֆորումի մեկնարկը, որը տեղի է ունեցել 2013թ. հոկտեմբերի 22-ից 25-ը` Կաունասում: 14. Գագաթնաժողովի մասնակիցները ընդգծում են գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման դերը գործընկեր երկրների կայուն և ընդգրկուն զարգացման հարցում, ինչպես նաև իրենց բնակչությանն անվտանգ, բազմազան և բարձրորակ սնունդ ապահովելու կարևորությունը: Նրանք ակնկալում են ընդլայնված ոլորտային համագործակցություն` Եվրոպական հարևանության ծրագրի Գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման նախաձեռնության (ENPARD) շրջանակներում: Գագաթնաժողովի մասնակիցները նաև ողջունում են գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման հարցերով բազմակողմ փորձագիտական խմբի ստեղծումը` 12 արտացոլելով գործընկեր երկրներում գյուղագործության և գյուղական համայնքների կարևորությունը: Նրանք նաև ողջունում են տարածաշրջանային զարգացման խոշոր ծրագրերը, որոնք օժանդակում են գործընկեր երկրներին նվազեցնելու տնտեսական, սոցիալական և տարածաշրջանային անհավասարությունները: Գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են Աշխարհագրական անվանումների պաշտպանության կարևորությունը ԵՄ և գործընկերների միջև գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի արդար առևտրային հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից` ողջունելով այդպիսի համաձայնագրերի կնքումը Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հետ և Ուկրաինայի ԽՀԱԱԳ նախաստորագրված տեքստում համապատասխան դրույթների ընդգրկումը: 15. Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են գիտահետազոտական և նորարարական գործունեության հարցերով համագործակցության ընդլայնումը: Շարունակել է աճել 7-րդ շրջանակային ծրագրին գիտաշխատողների, գիտահետազոտական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի, ներառյալ արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը, հատկապես թեմատիկ գիտահետազոտական աշխատանքներում: Գագաթնաժողովի մասնակիցները նաև ողջունում են Արևելյան գործընկերության շրջանակներում գիտահետազոտական և նորարարական գործունեության հարցերին նվիրված փորձագիտական խմբի ստեղծումը: 16. Գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են բնապահպանության կարևորությունը, որպես համագործակցության առաջնահերթ ոլորտ, որը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ և գործընկեր երկրների համար` ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ տնտեսության տեսանկյունից: Նրանք ողջունում են այն առաջընթացը, որն արձանագրվել է կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման, բնապահպանական կառավարման ամրապնդման և բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի իրականացման գործում: Նրանք ճանաչում են օժանդակող տարբեր ծրագրերի դերը բնապահպանության և կլիմայի փոփոխության հարցերով տարածաշրջանային համագործակցությունը խթանելու առումով, նաև Ռիո+20 գործընթացի համատեքստում, ներառյալ կայուն զարգացման նպատակների ձևավորումը: 17. Աղետային ռիսկերի նվազեցման հետ կապված, Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ռիսկերի տարածաշրջանային էլեկտրոնային ատլասի ստեղծումը և շեշտում են արտակարգ իրավիճակներում արձագանքի ԵՄ մեխանիզմներին գործընկեր երկրներին մոտեցնելու, ինչպես նաև աղետների հանդեպ դիմադրողականության, աղետների կանխարգելման և կառավարման կարողություններն ամրապնդելու կարևորությունը: Նրանք նաև ողջունում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նպատակով Եվրոպական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության միջև ստորագրված Վարչական պայմանավորվածությունը: 18. Տեղեկատվական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ոլորտում Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են համապատասխան գործընկեր երկրների կողմից իրենց օրենսդրությունն ու կարգավորիչ դաշտը էլեկտրոնային հաղորդակցությանը վերաբերող ԵՄ օրենքներին և կանոնակարգերին մոտարկելու ուղղությամբ իրականացված աշխատանքները: Բացի այդ, մասնակիցները ողջունում են գործընկեր երկրներում կրթության և գիտահետազոտական գործունեության համար 13 էլեկտրոնային ենթակառուցվածքների հետագա զարգացման նպատակով իրականացված աշխատանքները: 19. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են արևելաեվրոպական գործընկերների աճող մասնակցությունը ԵՄ ծրագրերին և համագործակցությունը ԵՄ գործակալությունների հետ: Վերջին երկու տարիների ընթացքում որոշ գործընկերներ նաև մասնակցել են մի շարք ԵՄ ծրագրերի հատուկ բաղադրիչներին կամ նախագծերին: Մոլդովայի Հանրապետությունը ասոցացվել է գիտահետազոտական և տեխնոլոգիական մշակումների ԵՄ 7-րդ շրջանակային ծրագրի հետ: Նրանք ակնկալում են, որ առաջիկայում ուժի մեջ կմտնի Հայաստանին նոր ԵՄ ծրագրերին մասնակցելու հնարավորություն ընձեռող Արձանագրությունը: Նրանք ակնկալում են Ադրբեջանին և Վրաստանին ԵՄ ծրագրերին մասնակցելու հնարավորություն ընձեռող Արձանագրությունների ստորագրումը: Ստորագրվել են ԵՄ գործակալությունների հետ երկկողմ համագործակցության համաձայնագրեր, այդ թվում` Հայաստանի ու Մոլդովայի Հանրապետության կողմից` Ավիացիայի անվտանգության եվրոպական գործակալության (EASA) հետ, Վրաստանի ու Մոլդովայի Հանրապետության կողմից` Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) հետ, Մոլդովայի Հանրապետության կողմից` Թմրամիջոցների և թմրամոլների մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (EMCDDA), Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (OLAF) հետ, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից` Ֆրոնտեքսի հետ: 20. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են մակրոտնտեսական կանոնավոր երկխոսությունները, ներառյալ գործընկեր երկրների հետ մակրոտնտեսական տեղեկատվության և վերլուծությունների փոխանակումը մակրոտնտեսական կառավարումն ամրապնդելու և տնտեսական կայունությանը նպաստելու նպատակով: 2011թ. սեպտեմբերից սկսած` ԵՄ իրականացրել է մակրոֆինանսական աջակցության ծրագրեր Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի հետ` վերջիններիս տնտեսական ճգնաժամին արձագանքելու նպատակով: Հաստատվել է Վրաստանին ուղղվող մակրոֆինանսական աջակցության վերաբերյալ օրենսդրական որոշումը, և ստորագրվել են Ուկրաինային տրամադրվող մակրոֆինանսական աջակցության մասին Փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Վարկային համաձայնագիրը: 21. Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են գործընկեր երկրներում ՓՄՁ քաղաքականության գնահատման, դիտարկման և իրականացման նպատակով կատարված աշխատանքներն ու նախագծերը՝ Եվրոպայի փոքր ձեռնարկությունների մասին ակտի (Small Business Act for Europe /SBA) սկզբունքներին համապատասխան: 22. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները արձանագրում են ԵՄ և Բելառուսի միջև ընդլայնված երկկողմ ոլորտային երկխոսությունները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են տնտեսական և ֆինանսական համագործակցությունը, բնապահպանությունն ու կրթությունը: Նրանք խրախուսում են այդ ոլորտային երկխոսությունների հետագա զարգացումը: 23. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները վկայակոչում են Արևելյան գործընկերության շրջանակներում քաղաքացիական հասարակության արժեքավոր դերը: Նրանք ընդունում են, որ քաղաքացիական հասարակությունը հանդիսանում է արդյունավետ գործող ժողովրդավարական համակարգի անբաժան մասը: Նրանք ընդգծում 14 են քաղաքացիական հասարակության ներդրումը Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերում, ներառյալ Քաղաքացիական հասարակության ֆորումի և դրա ազգային պլատֆորմների միջոցով: Նրանք ողջունում են քաղաքացիական հասարակությանը տրամադրվող աջակցությունը Հարևանության քաղաքացիական հասարակության գործիքի միջոցով: Նրանք ողջունում են 2013թ. հոկտեմբերի 4-ից 5-ը Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի 5-րդ հանդիպման արդյունքները և Քաղաքացիական ֆորումի մշտական քարտուղարության ստեղծումը: Նրանք ողջունում են Քաղաքացիական հասարակության ֆորումի 6-րդ հանդիպման անցկացումը Վրաստանում: Խրախուսելի է Քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչների մասնակցությունը բազմակողմ պլատֆորմների հանդիպումներին: 24. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են նաև այլ շահագրգիռ կողմերի հետ ամրապնդված համագործակցությունը, այդ թվում Եվրանեստի, Տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի և Արևելյան գործընկերության բիզնես ֆորումի հետ: 25. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Արևելյան գործընկերության տեսանելիության բարձրացմանն ուղղված ջանքերը` շեշտելով տեսանելիության ռազմավարության իրականացումն ուժեղացնելու անհրաժեշտությունը, այդ թվում` քաղաքացիական հասարակության ներգրավվածությամբ: Նրանք կոչ են անում ջանքեր գործադրել Արևելյան գործընկերության վերաբերյալ արևելաեվրոպական գործընկեր երկրներում իրազեկության հետագա բարձրացման նպատակով: Նրանք ողջունում են Վրաստանի կառավարության կողմից 2014-2017թթ. համար հաղորդակցության և տեղեկատվության ռազմավարության ընդունումը: Նրանք ողջունում են Վարշավայի գագաթնաժողովից ի վեր գործընկեր երկրներում ստեղծվող ԵՄ տեղեկատվական կենտրոնների ավելացումը: 26. Գագաթնաժողովի մասնակիցներն ի գիտություն են ընդունում դոնորային համակարգմամբ և, ընդհանուր առմամբ, Արևելյան գործընկերության զարգացմամբ հետաքրքրված միջազգային ֆինանսական կառույցների և երրորդ երկրների հետ համագործակցությունը, ներառյալ ոչ-պաշտոնական Տեղեկատվական և համակարգման խմբի միջոցով, չսահմանափակելով երրորդ երկրների հետ համագործակցության սկզբունքները, ինչպես սահմանված են Պրահայի հռչակագրում: Արևելյան գործընկերության հաջորդ փուլը 27. Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են Արևելյան գործընկերության` հաջորդ երկու տարիների համար ապագային միտված օրակարգի շուրջ, որը կամրապնդի և կզարգացնի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացը: Գործընկերությունը ականատես կլինի ԵՄ և համապատասխան գործընկերների համար մարտահրավերներով որակական անցմանը` համաձայնագրերի բանակցություններից դրանց արդյունավետ իրականացմանը: Գագաթնաժողովի մասնակիցները ճանաչում են, որ այս համաձայնագրերի իրականացումը` քաղաքականության, տնտեսության և հասարակության համապարփակ արդիականացմանն ուղղված հեռահար նպատակներով հանդերձ, զգալի քաղաքական կամք է պահանջելու անհրաժեշտ բարեփոխումները կատարելու նպատակով` ի շահ գործընկեր երկրների 15 քաղաքացիների: ԵՄ շարունակում է հանձնառու լինել այս գործընթացում գործընկերներին աջակցելուն, առաջընթացը գնահատելով ամենամյա Առաջընթաց գնահատող զեկույցների միջոցով, որոնք ներկայացվում են Հանձնաժողովի և Բարձր հանձնակատարի կողմից: Սա նաև կպահանջի գործընկեր երկրների իշխանություններից մեկնարկել տեղեկատվական և հաղորդակցման համապարփակ քարոզարշավներ՝ լայն հասարակական ներգրավվածություն ապահովելու նպատակով` ԵՄ կողմից համապատասխան օժանդակությամբ: Գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են երկկողմ հարաբերություններում տարբերակման կարևորությունը` համադրելով այն բազմակողմ համագործակցության հետագա ընդարձակման հետ: 28. Վկայակոչելով Պրահայի և Վարշավայի հռչակագրերում արտացոլված հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությունները, Վիլնյուսի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ մտադրությունը ամրապնդելու իր ներդրումը` կայունության և բազմակողմ վստահության ամրապնդման հետագա խթանման գործում առաջընթացը խրախուսելու նպատակով: Նրանք ողջունում են ԵՄ դերակատարման ամրապնդումը հակամարտությունների կարգավորմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերում` գոյություն ունեցող համաձայնեցված ձևաչափերի և գործընթացների շրջանակներում կամ ի աջակցություն վերջիններիս, ներառյալ, համապատասխան դեպքերում, տեղում ներկայացվածություն ապահովելու միջոցով: Նրանք ընդգծում են հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: Նրանք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Վիեննայում վերջերս կայացած հանդիպումը և նախագահների համաձայնությունն առաջ տանել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մասնակիցներն աջակցում են Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեությանը: Նրանք ընդգծում են 2008թ. օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրի լիակատար իրականացման անհրաժեշտությունը և Վրաստանում ԵՄ դիտարկման առաքելության՝ տեղում ներկայացված լինելու կարևորությունը: Մասնակիցները շեշտում են ԵՄ դիտարկման առաքելության մանդատի լիակատար իրականցման անհրաժեշտությունը և վերահաստատում են Ժնևի միջազգային քննարկումներին իրենց աջակցությունը: Մասնակիցները շեշտում են Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի կարևորությունը և ակնկալում են բանակցությունների` «5+2» ձևաչափով առաջխաղացումը համաձայնեցված օրակարգի բոլոր երեք փաթեթներով, մասնավորապես, ինստիտուցիոնալ, քաղաքական և անվտանգության հարցերով: Նրանք նաև բարձր են գնահատում Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև ԵՄ սահմանային աջակցության առաքելության կարևոր և շարունակական ներդրումը: 29. Գագաթնաժողովի մասնակիցները ի գիտություն են ընդունում, որ ԵՄ շարունակում է ներգրավված լինել Բելառուսի հասարակության հետ «Արդիականացման շուրջ եվրոպական երկխոսության» միջոցով, և որ ԵՄ ու Բելառուսի կառավարության միջև փոխանակումներ են ընթանում արդիականացման հարցերի շուրջ համագործակցության ապագա լավագույն ձևը որոշելու նպատակով: 16 Ա

Комментариев нет:

Отправить комментарий

Դիպլոմային աշխատանք «Քաղաքային տեսարաններ» Բանգլադեշ

Երևանի  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ Խլոյան Գոռ Գարիկի մասնագիտությունը՝ «Լուսանկարչական գործ»   Որակավորումը` լուսանկարիչ. ...